Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էրդողանի ինչի՞ն է պետք եռյակ միությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ

Էրդողանի ինչի՞ն է պետք եռյակ միությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ
13.03.2017 | 15:48

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների համատեղ մամլո ասուլիսը Կրեմլում առանց արևելյան «շեղման» չանցավ: «Մենք քննարկեցինք Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծումը»՝ հայտարարեց Թուրքիայի նախագահը: Նա ուզում է, որ Ռուսաստանի մասնակցությամբ արագ սկսվեն Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում՝ լարվածության նոր շրջանը շատ կարևոր հարց է», և «ամենամոտ ժամանակներս պետք է սկսել բանակցությունները, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ»: Պուտինն ընդհանրապես իր ելույթում շրջանցեց այս երկու թեմաները, խոսելով միայն Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի դերի մասին Աստանայի գործընթացի ձևավորման մեջ սիրիական կարգավորման և խաղաղության պահպանման համար:


Կարելի է ենթադրել, որ նեղ ձևաչափով բանակցությունների ժամանակ Էրդողանի նախաձեռնությամբ քննարկվել է Մոսկվա-Անկարա-Բաքու միության ստեղծման հարցը, բայց ռուսական կողմը չի հրապարակայնացել: Ավելին՝ ինչ-որ պատճառով՝ թուրքական կողմը, խոսելով սիրիական կարգավորման մասին, ջանադիր խուսափում էր Իրանին հիշատակել, մինչդեռ բոլորովին վերջերս Էրդողանը խոսում էր «նախկինից առավել» Իրանի ու Ռուսաստանի հետ համագործակցելու մասին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության վերականգնման: Գուցե Էրդողանը, որ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններին, ջանում է կանխել ԱՄՆ ինչ-որ գործողություններ, ստեղծել ջանքերի վեկտոր, մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացում ինտեգրում, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի քայլերի հետ հանգուցված գործընթաց Իրանի ուղղությամբ: Դրանով է բացատրվում միությունը Ռուսաստանի հետ, որի շահերը Սիրիայում մարտավարական առումով հիմա համընկնում են, բայց կարող են համընկնել և չհամընկնելլ ապագայում, երբ Թուրքիան փորձի խաղարկել սեփական սիրիական «խաղաքարտը»: Տարօրինակ իրողություններ կան: Սկզբունքորեն Մոսկվան, Վաշինգտոնն ու Դամասկոսը վաղ թե ուշ պիտի պայմանավորվեն քրդերի հարցում: (Անուղղակի Մոսկվան բարձրաձայնել է իր տեսակետը այդ հարցում Սիրիայի Սահմանադրության նախագծում): Մինչև հիմա քրդական նախագծին չբարձրաձայնելով՝ աջակցել է և Իսրայելը: Մինչդեռ Անկարան Վաշինգտոնից պահանջում է ճանաչել սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն, կոչ է անում «ընտրել իր և ահաբեկիչների միջև»: Մինչև վերջերս՝ քրդական հարցում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ թուրքական բողոքները Իրանում ընկալում գտնում էին, որտեղ նույնպես կարող է քրդական գործոնը խաղարկվել: Իրանին ձեռնտու էր. Ռուսաստանի վրա հենվելով, Էրդողանին դաշնակից դարձնել հակաարևմտյան պլատֆորմի վրա: Բայց Մոսկվայում Էրդողանի բարձրաձայնած Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միությունը, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը արևմտյան վեկտորը իրենց համար գլխավորն են համարում, Թուրքիա-Ռուսաստան-Իրանի փոխարեն, երևան է բերում շահերի ու հակասությունների բարդագույն հանգույց գոյություն ունեցող աշխարհաքաղաքական մարտավարական եռանկյունիների ու ալյանսների միջև:


Այդպիսի ակնհայտ աշխարհաքաղաքական ինտրիգը կառուցվում է ոչ միշտ բարձրաձայնվող որոշ նրբերանգների վրա: Թեհրանում որոշ ուժեր կարծում են, որ շնորհիվ Իրանի ջանքերի՝ սիրիական խնդրի միջոցով Ռուսաստանին հաջողվեց վերականգնել Մերձավոր Արևելքում գերտերության կարգավիճակը՝ առանց արաբների վրա խաղը դնելու, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակներում էր: Դա արվեց հակառակ Թուրքիայի գործողությունների, որ չափազանց ցավոտ ընդունեց Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի հայտնվելը: Կան նաև ուժեր, որ վստահ են՝ իրադարձությունների այլ ընթացքի դեպքում Սիրիան արագ կվերածվեր Լիբիայի և հերթը կհասներ Իրանին: Ռուսաստանը չէր կարող ընդունել համարյա թե գլոբալ քաոսի իրավիճակը Մերձավոր Արևելքում, երբ ահաբեկչական ապակայունացման ալիքը կարող էր արագ հասնել իր հարավային սահմաններին:
Որոշ փորձագետներ Թուրքիայում վստահ են, որ Իրաքն ու Սիրիան Անկարայի պատմական ազդեցության գոտի համարող նախագահ Էրդողանը, իբր առաջարկում է Պուտինին գերտերության կարգավիճակի պահպանում Մերձավոր Արևելքում՝ Թուրքիայի վրա հենվելով, իսկ Մոսկվայի ու Բաքվի հետ ալյանսով դիտարկում է իր ազդեցությունը Անդրկովկասում պահպանելու հնարավորությունը: Պատահական չէ թուրքական դիվանագիտությունը ուշադիր հետևում՝ ինչպես են դասավորվում Մոսկվայի հարաբերությունները սլավոն գործընկերների՝ Կիևի ու Մինսկի հետ, որտեղ տեսնում է իր համար ոչ քիչ աշխարհաքաղաքական հեռանկարներ՝ հետխորհրդային տարածքում իր շահերը առաջ մղելու տեսակետից՝ հենվելով թուրքալեզու պետությունների վրա:


Անկարան վստահ է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում հետևում է Փարիզին ու Վաշինգտոնին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: Այստեղից էլ՝ նախագահ Էրդողանի համարձակ կոչը Պուտինին «կարևոր դեր խաղալ այդ կոնֆլիկտի կարգավորման մեջ», իհարկե, ադրբեջանական սցենարով: Ավելին՝ գերմանական Die Welt-ի կարծիքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հասցեին Արևմուտքի ինտենսիվ քննադատությունը հանգեցնում է ոչ միայն այդ երկրների մերձեցմանը, այլև Մերձավոր Արևելքում ուժի նոր կենտրոնի ձևավորմանը՝ Թուրքիա-Ռուսաստան իսլամական աշխարհում, բայց ոչ եվրասիական տարածքում: Le Figaro-ն գրում է. «Եվրոպայում իներցիայով անհանգստություն են հայտնում Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումից»՝ գտնելով, որ «Անկարան իբր պատրաստվում է հրաժարվել Արևմուտքի հետ ինտեգրումից»: Թուրքիան իր արևմտյան գործընկերներին մեղադրում է ռազմավարական տեսլականի բացակայության, նոր ալյանսների իմաստն ու առաքելությունը չհասկանալու մեջ, համոզելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կառուցվում «մերձեցում ավելի ուժեղի հետ» սկզբունքով:
Անկարան լրջորեն անհանգստանում է ամենավճռական պահին ռուսական նախագծի ի հայտ գալուց, երբ իրադարձությունների ընթացքը գործնականում կարող է անշրջելի լինել: Ինչ էլ անես, բայց Սիրիան կարող է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության պլատֆորմ դառնալ, ինչպես եղել է Աֆղանստանում, Լիբիայում, Իրաքում, կարող է լինել և Թուրքիայում, որ հիմա միաժամանակ երեք պատերազմ է վարում՝ Իրաքում, Սիրիայում ու երկրի ներսում քրդերի հետ: Թուրքիայի դեմ լուրջ խաղաթուղթ կարող է դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի աջակցությունը քրդական ինքնիշխանության դրսևորումներին՝ սկզբում Սիրիայում՝ սիրիաթուրքական սահմանի մոտ, իսկ հետո, գուցե և թուրք-սիրիական սահմանի վրա: Էրդողանը գիտակցում է այդ սպառնալիքը, բայց կարող է փոխել միայն փոխանակման միջոցով, ինչպես 1920-ի ապրիլին արեց Մուստաֆա Քեմալն Ադրբեջանի հետ, որ ԽՍՀՄ-ի փլուզունից հետո Իրանը սկսեց համարել իր պատմական ազդեցության գոտի: Միով բանիվ, տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը այնպիսին է, որ ոչինչ բացառել չի կարելի և մերձավորարևելյան աշխարհաքաղաքական միստերիայի համարյա բոլոր մասնակիցները պետք է ունենան կամ ունեն պահեստային ռազմավարություն: Այդ պատճառով՝ շատ փորձագետների գնահատականով Թուրքիայի նախագահի այցը Մոսկվա նշանավորեց իրավիճակի անցումը մի փուլից մյուսին: Պատահական չէ, որ թուրքական որոշ ԶԼՄ-ներ գրում են. «ՈՒզում ենք մտածել, որ փակ դռների հետևում Պուտինի հետ զրույցի ընթացքում Էրդողանը նրան ասել է այն, ինչ հասարակական կարծիքին չի կարելի բաց ասել»: Գուցե, ով գիտի:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ի՞նչ պահեստային տարբերակ ունի Հայաստանը Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության դեմ, որ կարող է իրականություն դառնալ, կարող է չդառնալ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Սիրիայում և Թուրքիայում: Էրդողանը դուրս է եկել Արևմուտքի դեմ, Ռուսաստանի՞ն պետք է Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը ու պատժամիջոցներից ազատվելը վտանգել Թուրքիայի պատճառով, թե՞ երկուսն էլ այլևս փակել են Արևմուտքի դռները իրենց համար: Խախուտ չէ՞ Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ դաշինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մատուցելը՝ կասեցնելու համար ԱՄՆ- հնարավոր օգնությունը քրդերին ու քրդերի ինքնավարության ստեղծումը: Ինչպե՞ս պիտի Ռուսաստանը բացատրի, որ քրդերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես Անկարան, եթե նրանք կռվում են Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ԻՊ-ի դեմ: Էրդողանը ի՞նչ փոխանակում է առաջարկել Մոսկվային՝ Մուստաֆա Քեմալի օրինակով: Նորի՞ց այդ փոխանակումը հայկական հողերի հաշվին է: Ի վերջո, Մոսկվան կհրաժարվի՞ Իրանից, որի հետ բացարձակ մրցակցության մեջ է Թուրքիան՝ շահերի բախում ունենալով ոչ միայն Սիրիայում, այլև աշխարհաքաղաքական բոլոր հանգուցակետերում: Ի՞նչ կարող է Անկարան առաջարկել ի հակակշիռ՝ փոխհատուցելու նման համաձայնության ակնհայտ վնասները: Ինչպե՞ս է Բաքուն մտնելու խաղի մեջ՝ Էրդողանը Ալիևի հետ համաձայնեցրե՞լ է իր նոր խաղը և ի՞նչ է Ալիևը պահանջելու փոխարենը, եթե ոչ Մոսկվայի ակտիվացումը ղարաբաղյան հարցում իր սուբստանտիվ բանակցությունների սցենարով, որ հակասում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցություններին, որոնց ձախողումը Բաքուն փորձել է նամակով բացատրել ԵԱՀԿ-ի նախագահությանը: Այս և բազում այլ հարցեր կան, որոնց հստակ պատասխանները չունենալով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կանխավ հայտարարում է՝ «Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին»՝ հարցազրույց տալով RT-ին: Եվ հիմնավորում է իր տեսակետը դիվանագիտության մեջ զվարճալի փաստարկով՝ «Երևանին և Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Եվ կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»:

Ո՞վ ասաց, որ Անկարային ու Մոսկվային ռազմավարական հարաբերություններ չեն կապում, ավելին՝ ռազմավարական չեն Մոսկվա-Բաքու հարաբերությունները, որ անհամեմատելի են Երևան-Մոսկվա հարաբերությունների հետ: Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը համոզված, որ եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ Անկարան Մոսկվայի համար լիովին հասկանալի և կանխատեսելի դառնա, դա կարող է Հայաստանի շահերից բխել: Լիովին հասկանալի ու կանխատեսելի շահերի հաընկնում ունեցող երկու պետության դեպքը բոլորովին չի նշանակում, որ երրորդ պետության շահերն էլ պաշտպանված կլինեն: Մեղմ ասած՝ դա աբսուրդ է, թեպետ Վիգեն Սարգսյանը համոզված է, որ «Ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք»: Հայտնի չէ, թե ինչ է նա մտածել, ինչ գործընթացներ է հաշվի առել, որ տեղի են ունենում Թուրքիայում, բայց նույնքան աբսուրդ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան ալյանսին նա հակադրում է «հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, որ արտահայտված է նաև Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայության մեջ, որ տարածաշրջանում անչափ լուրջ զսպող գործոն է»: Իրականում նույնքան գործոն է, որքան գործոն է ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման համար: ՀԱՊԿ-ը, որ իր գոյության պատմության մեջ ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել, պարզապես քաղաքական ակումբ է, որտեղ ընդունվում են քաղաքական պատեհապաշտական որոշումներ ու հայտարարություններ, որոնք իրավիճակի վրա ունեն զրո ազդեցություն: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ե՞րբ են հասկանալու՝ յուրաքանչյուր պետություն ունի իր շահը, իրենց խնդիրը իրենց պետության շահը բոլորից վեր դասելն է, ոչ թե «ռազմավարական գործընկերների» շահերի մեջ զիգզագներ տալը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ